15 մայիսի 2023 - 10:54 AMT
Միշելը՝ գերիների մասին․ Ըմբռնում է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում խոսել է նաև գերիների մասին։

Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ասել է, որ «ըմբռնում է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն»։

Նա նաև ընդգծել է, որ փոխըմբռնում պետք է լինի այն հարցում, որ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, առաջիկայում ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։

Նա հավելել է, որ քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը։

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: