ՀՀ-ում 40 %-ով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը

ՀՀ-ում 40 %-ով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը, խոսելով ծնելիության նվազման մասին, նշել է, որ վերջին տարիներին նկատելի է, որ 3-ից ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվն ավելացել է: Նա հավելել է, որ վերջին հինգ տարում մոտ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը:

«Վերջին տարիներին ծնելիության նվազման միտումը կայունացել է։ 1985-1986 թթ․ գրանցվել է ծնելիության ամենաբարձր մակարդակը՝ տարեկան 80-81,000 երեխա։ Սակայն, ժամանակի հետ ծնելիությունը նվազել է և այժմ դրական միտում կարող ենք համարել նվազման կայունացումը»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Գալստյանը նշել է, որ այժմ ծնելիությունը կայունացել է տարեկան մոտ 36,000 երեխայի մակարդակում, ուստի, հետագա քայլերը պետք է ուղղվեն այդ մակարդակի բարձրացմանը։ Սակայն, ըստ նրա, փոխվել է կառուցվածքը՝ նվազում է առաջին և երկրորդ երեխաների քանակը, շատացել է 3,-րդ, 4-րդ և 5-րդ երեխաների քանակը։

Նա անհրաժեշտ է համարում նաև 1-ին և 2-րդ երեխայի ծնունդը խթանող ծրագրերի մշակումը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանն իր հերթին նշել է, որ շատ ընտանիքներ ցանկանում են 3 և ավելի երեխաներ ունենալ, բայց իրականում 1-ը կամ 2-ն են ունենում տարբեր խոչընդոտների պատճառով, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ նախընտրելի է, որ անհրաժեշտ պայմանները բարելավվեն, որ ընտանիքներում ծնվեն երեք և ավելի երեխաներ:

Պետության կողմից երեխաների ծննդյան կապակցությամբ մի շարք աջակցման ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ընտանիքներին: Մինչև երեխայի ծնվելը պետությունը վճարում է մայրության նպաստ ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող մայրիկներին: Երեխայի ծնվելու դեպքում ևս սահմանվում է նպաստ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում վճարվում է 300 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում 1.5 մլն դրամ: Հաջորդ փուլում նախատեսված է երեխայի խնամքի նպաստ մինչև երեխայի 2 տարին լրանալը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---