Զոհվածների հարազատները 2-րդ գիշերն են անցկացրել կառավարության մոտ

Զոհվածների հարազատները 2-րդ գիշերն են անցկացրել կառավարության մոտ

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց սկսած զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները 2-րդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի մոտ։

Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

«Ամբողջ գիշեր անցկացրել ենք կառավարության դիմաց։ Հանգիստ էր»,- ասել է զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ իրենց մոտենում են քաղաքացիներ, մտահոգություն հայտնում, սակայն եղել են այնպիսի մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել։

«Սա մտահոգիչ է։ Դեռ այն սպասելիքը, որ ժողովուրդը միգուցե արթնանա այն թմբիրից, որ արդեն հերոսածին մոր են կալանավորում, ոնց որ այդ մտահոգությունն այսօր քիչ քաղաքացիների մոտ տեսա։ Պետք է գիտակցեն, որ մեզ պատած վիշտը մի օր իրենց տուն է մտնելու։ Մենք արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, պայքարում ենք, որպեսզի նոր զոհեր չունենանք։ Ամեն ծնող առաջին հերթին պետք է իր զավակի մասին մտածի»,- ասել է Ռոստոմյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն պլան, որի մասին ավելի ուշ կխոսեն, քանի որ այն հնարավոր է փոփոխվի, որպեսզի որևէ ձևով չվնասեն տիկին Գայանեին։

«Երեկ փաստաբանի միջոցով մեր խնդրանքն էինք փոխանցել Գայանեին, որպեսզի դադարեցնի հացադուլը։ Շատ լավ է, որ ականջալուր եղավ, սակայն փաստաբանների հետ իր պայմաններ էր փոխանցել, որ մենք հանկարծ հետ չկանգնենք մեր պայքարից։ Այսինքն իրեն այնտեղ ոչ մի բան չի կոտրում։ Մենք դրանից ոգևորվեցինք, բայց առաջին հերթին Գայանեի առողջությունն է»,- ասել է Ռոստոմյանը։

Նա նշել է, որ աշխարհում ոչ մի տեղ չեն կալանավորում հերոսածին ծնողի, խոնարհվում են նրանց առաջ։

«Մենք չենք ուզում մեր առաջ խոնարհվեն, բայց չարհամարհեն, իսկ եթե իրենք հասել են դրան, ուրեմն ամեն սրբության վրայով էլ կանցնեն։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք մեր տղաների կիսատ թողած գործն շարունակելու համար», ասել է նա։

Գայանե Հակոբյանի կալանավորման վճիռը բողոքարկվելու է։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---