Փաշինյանը՝ այլ երկրներից զենք գնելու մասին․ Այդ հարցի փակ լինելը բացատրվել է ՀԱՊԿ անդամակցությամբ

Փաշինյանը՝ այլ երկրներից զենք գնելու մասին․ Այդ հարցի փակ լինելը բացատրվել է ՀԱՊԿ անդամակցությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով այլ երկրներից զենք և ռազմատեխնիկա ձեռք բերելու հնարավորությանը, ասել է, որ այդ հնարավորությունը փակվել է հիմնականում այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։

«Կարծում եք՝ ՀՀ-ն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու այլ հնարավորություններ չի՞ ունեցել։ Այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀԱՊԿ–ի անդամ լինելով։ Ասել են՝ դե դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»,-ասել է նա։

Փաշինյանը չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
---