Օսկանյան․ Լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր

Օսկանյան․ Լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսում արված հայտարարություններին, նշել է՝ դրանից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։

«Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը, բնականաբար, առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։

Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։

Նախ՝ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։

Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։

Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի և այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության»,-ասվում է գրառման մեջ։

Օսկանյանը հավելել է, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։

«Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---