ԱԱԾ․ ՀՀ ներմուծված մոտ 1 տոննա կոկաինի գործով ձերբակալված կա

ԱԱԾ․ ՀՀ ներմուծված մոտ 1 տոննա կոկաինի գործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված կոկաին տեսակի մոտ 1 տոննա քաշով թմրամիջոցի գործով ձերբակալված կա՝ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը։

Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մայիսի 17–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի մոտ մեկ տոննա քաշով թմրամիջոց։

«Մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---