Փաշինյան․ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է

Փաշինյան․ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան ապօրինի ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է։

«Քիչ առաջ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը, պիտի ասեմ, որ այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ Հանրապետական խմբակցության անդամ»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Բայց նա անմիջապես, ասել է, որ չի կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:

Փաշինայնն ասել է նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամբողջ աշխարհում և Հայաստանում մեծ տարածում է ստացել:

«Եթե պարզվի, որ մեղավորը Հանրապետական կուսակցության անդամ է, ապա մենք պետք է հանրապետականներին՝ կուսակցության նախագահին և մշտական գործող ղեկավար մարմնին ձերբակալե՞նք: Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ»,-հայտարարել է Փաշինյանը:

Նա ասել է, որ Անվտանգության խորհրդում ԱԱԾ-ին և իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիրներ է դրել հետևողական պայքար տանել թմրանյութի շրջանառության դեմ, անտեսելով անձի կուսակցական պատկանելիությունը:

«Բացահայտումների արդյունքում կարող են պարզվել մարդիկ, որոնք այնքան էլ նվիրված չեն գաղափարին»,-հայտարարել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված կոկաին տեսակի մոտ 1 տոննա քաշով թմրամիջոցի գործով ձերբակալված կա՝ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը։ Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---