Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Սիմոնյանին․ Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը

Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Սիմոնյանին․ Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկրում հետևում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը և ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին:

Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարևոր և կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

«Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձեւը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքների», ինչպես նաեւ սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---