ԱՄՆ-ն ողջունում է Ալիևի «վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին» և գոհ է, որ բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ-ն ողջունում է Ալիևի «վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին» և գոհ է, որ բանակցությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ուրախ ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է։ Վերջերս մենք մեր երախտագիտությունը հայտնեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, և ողջունում ենք նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին»,-ասվում է Միլլերի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն եվրոպացի գործընկերների հետ։

«Հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության կիրառմամբ։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ։

Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---