ՄԻՊ-ը՝ ԵԽԽՎ պատգամավորին․ Ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը

ՄԻՊ-ը՝ ԵԽԽՎ պատգամավորին․ Ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր:

Գավանը Հայաստանում է գտնվում «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ:

Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի զրկվել են կրթություն ստանալու իրենց իրավունքից:

Պաշտպանն անդրադարձել է տիրող հումանիտար ճգնաժամին, ներկայացրել շրջափակման և Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման արդյունքում արցախահայության խնդիրները:

«ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ, նաև հակառակ իրավիճակն է, երբ Հայաստանում գտնվող արցախցիներն են բախվում նույն խնդրին: Այդ մասին Պաշտպանի թեժ գծին գրեթե ամեն օր ահազանգեր են ստացվում: Մարդու իրավունքներին վերաբերելի այս և այլ խնդիրների, անվտանգային հարցերի առնչությամբ պարբերաբար զրույց եմ ունենում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Ստեղծված իրավիճակն իրոք ծայրահեղ ծանր է, անհրաժեշտ է հրատապ երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը», – նշել է նա։

Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում:

«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել է Մանասյանը։

Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունն ու փաստերն ամրագրող արտահերթ զեկույցները, անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումներին:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---