27 հունիսի 2023 - 17:07 AMT
Փաշինյան․ Լելե Թեփեն վերադարձնելու հարց պատերազմի ժամանակ չի բարձրացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ասել է, որ Լելե Թեփե բարձունքը վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել։

«Շատ շահարկվում է, որ Փաշինյանն ասել է` Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն կորցրել է, պետք է գնալ, վերադարձնել... Այդպիսի թեմա չի էլ եղել, դա իրականության հետ ոչ մի կապ չունի»,– ասել է վարչապետը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովի անցած նիստերի ժամանակ նույնպես ասել է, որ նման խոսակցություն չի եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եթե չեմ սխալվում, ամսի 5-ին կամ 6-ին ես եղել եմ Ստեփանակերտում, եղել եմ ՊԲ հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն 9–րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի էր ունեցել, այնտեղ էր նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Ես ասացի` գործընկերներ, վիճակը վատ է, ի՞նչ առաջարկներ կան»,– պատմել է Փաշինյանը

Նրա խոսքով` այդ ժամանակ ԼՂ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել առաջարկությամբ, որ պետք է ճակատը վերականգնել։ Փաշինյանն այս հարցը պարզաբանելու համար դիմել է ԳՇ պետին։

«Ես օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում եղած մարդկանց վստահել եմ գրեթե անվերապահորեն, որովհետև եթե նրանք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար դա վստահության ավանս է»,– ասել է Փաշինյանը։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ ասել է, որ ասվածի մեջ տրամաբանություն կա ու հայտնել է իր կարծիքը, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է անձամբ պլան ձևավորի ու գնահատի դրա իրագործման հնարավորությունը։

«Երբ արդեն Երևանում էի, Օնիկ Գասպարյանն ասաց, որ այդ օպերացիան իրագործելու որոշում է կայացվել։ Նա ինձ ասաց, որ խոսել է Ջալալ Հարությունյանի հետ և հարցրել է՝ աչքդ ուտո՞ւմ է, ինչը նշանակում է իրատեսական ես համարում, թե ոչ, և ստացել է պատասխան՝ այո՛»,– ասել է նա։

«Ինձ երկար ժամանակ զեկուցում էին, որ ամեն ինչ լավ է գնում, և մի իքս պահի ասացին, որ երկու բրիգադներից մեկը չի կատարել խնդիրը և նույնիսկ մարտի չի բռնվել»,– պարզաբանել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ այդ հարցով քրեական գործ կա հարուցված. և ամենևին փաստ չէ, որ դա չհիմնավորված կամ անիրատեսական հայտարարություն էր։

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որոնցից առաջինը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը (2021-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ):