27 հունիսի 2023 - 17:09 AMT
Տիրան Խաչատրյան․ Բանակի առաջ քաշած հիմնավորումներից որևէ մեկին որևէ լուծում չի տրվել Փաշինյանի կողմից

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, հակադարձելով ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ վերջինս բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որևէ հիմնավորում նրա մոտ որևէ արժեք չի ունեցել։

«Ընդհանարապես, առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։ Ինչի՞ մասին է նա խոսում…»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես նա ասել է. «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։

«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,- ասել է Տիրան Խաչատրյանը՝ նշելով, որ որևէ տեսակի հիմնավորում Փաշինյանի մոտ որևէ արժեք չի ունեցել։

Անդրադառնալով փաշինյանական իշխանության կողմից անօգտագործելի ՍՈւ-երի գնման որոշմանը՝ Խաչատրյանը նշել է՝ այն ժամանակ, երբ այս իշխանությունը ՍՈւ-երի ձեռքբերման որոշում է կայացրել, դրա համար խնդրողներ եղել են։

«Թե ովքե՞ր էին այդ խնդրողները և ի՞նչ հիմնավորումներով էին խնդրում, որպեսզի բանակը ՍՈւ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակում անցնում եմ որպես վկա, հետևաբար, այս պահի դրությամբ, այդ հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Քրեական գործը հարուցվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո»,-ասել է նա։

Անդրադառնալով Փաշինյանից մեդալներ և կոչումներ խնդրող զինվորականների թեմային՝ Խաչատրյանն ասել է, որ միգուցե նրանք, ում հետ վարչապետն առանձնահատուկ ջերմ և մտերիմ հարաբերությունների մեջ է եղել բանակում, նրանից մեդալներ և կոչումներ են խնդրել, նա էլ չի մերժել՝ տվել է։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։