27 հունիսի 2023 - 17:11 AMT
Վարչապետ․ ԳՇ-ն ու ՊՆ-ն հերքում էին ԱՀ նախագահի տեղեկատվությունը, հետո այն հաստատվում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասել է, որ պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկություն է հայտնել այս կամ այն հատվածում ռազմական իրադրության մասին, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն չեն հաստատել, հերքել են, սակայն հետո այդ տեղեկությունը հաստատվել է։

«Բնականաբար, առաջին գործողությունը, որը ես ցանկացել եմ անել, եղել է Գլխավոր շտաբից և Պաշտպանության նախարարությունից տեղեկությունը ճշտելը։ Դեպքերի ճնշող մեծամասնությամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահի տեղեկատվության հերքում եմ ստացել Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կողմից: Բայց որոշ ժամանակ անց, Գլխավոր շտաբը ստիպված է եղել հաստատել այդ տեղեկատվությունը»,-ասել է Փաշինյանը։

Այդ թեմայի շուրջ Փաշինյանը խոսել էր նաև հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում։ «Պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ»,-ասել էր նա։