27 հունիսի 2023 - 17:46 AMT
Օհանյան․ Թող ինձ ներեն իմ ֆիդայի ընկերները, բայց այս իշխանությունը կանոնավոր բանակը դարձրեց ֆիդայական ջոկատներ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, ասել է, որ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածել է կամավորական ջոկատների։

«Թող ինձ ներեն իմ ֆիդայի, կամավորական ընկերները, բայց այս իշխանությունները կանոնավոր բանակը դարձրեցին ֆիդայական ջոկատներ։ Եվ դրանով իսկ և՛ կառավարումը, և՛ կանոնավոր որոշումների ընդունումը, փորձի փոխանակումը հավասարեցրին զրոյի», - ասել է Օհանյանը, գրում է Aysor.am-ը։

Արձագանքելով բանակի համար գնումների վերաբերյալ վարչապետի հայտարարություններին՝ Օհանյանն ասել է, որ Փաշինյանը ոչինչ չի արել բանակը համալրելու համար, մոբիլիզացիա չի իրականացրել։ Նա նշել է, որ 44 օրվա ընթացքում իրենք կարողացել են իրականացնել միայն մեկ օրվա մոբիլիզացիա։

«Տարիներով ձևավորված մոբիլիզացիոն համակարգն իրենք փոխել են բանակի համալրման կամավորական ջոկատներով։ Իսկ կամավորական ջոկատները չունեն այդ պատրաստությունը», - ասել է Օհանյանը։

Փաշինյանն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես, նա ասել է. «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։