27 հունիսի 2023 - 17:48 AMT
Փաշինյան․ ՊԲ հրամանատարն ասաց՝ Մովսես Հակոբյանն է խորհուրդ տվել 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, անդրադառնալով նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, թե եղել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին գտնվել հրամանատարական կետում, ասել է, որ Հակոբյանն ինքն ի պաշտոնե իրավունք չուներ պատերազմի օրերին գտնվել հրամանատարական կետում։

Նա հավելել է՝ հոկտեմբերի 2-ին կամ 3-ին տեղեկություն է եղել, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերել, և որ այդպիսի խորհուրդ է տվել Մովսես Հակոբյանը, գրում է «Առավոտը»։

Վարչապետը նշել է, որ այդ դրվագը շատ կարևոր է, քանի որ այդ տարածքը մինչ օրս Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ է։

«Ես կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ, ինձ ասացին, որ իսկապես այդ որոշումը կա։ Հետո խոսեցի ՊԲ հրամանատարի հետ, ասացի՝ էդ ի՞նչ որոշում է, ի՞նչ պատմություն է։ Ինձ ասվեց, որ դա շատ լուրջ քննարկումների արդյունքում կայացված որոշում է, ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը, ո՞վ է կայացրել։ Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ինձ ասվեց՝ Մովսես Գրանտովիչն է այդ ռեկոմենդացիան տվել։ Ես ասացի՝ Մովսես Գրանտովիչն ի՞նչ գործ ունի այդտեղ, երկրորդ՝ ես Արցախի նախագահի հետ քննարկելով, ասացի՝ այն տեղեկությունը, որը դուք ինձ փոխանցում եք, դա չի հիմնավորում, 7-րդ պաշտպանական շրջանը Լեռնային Ղարաբաղի ամբողջ հյուսիսն է։ Ի պատիվ ԼՂ նախագահի՝ ինքը որոշում կայացրեց, մի խմբով գնաց տեղում իրադրությունը գնահատելու, որովհետև այնտեղ գնահատականն այն էր, որ մեր զորքը հայտնվում է շրջափակման մեջ, Մովսես Գրանտովիչն ասում է, որ պետք է 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել։ Այս դրվագը շատ կարևոր դրվագ է, այդ տարածքը մինչև այսօր Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ է։

Արեգասար բարձունքը նույնպես 7-րդ պաշտպանական շրջանում է։ Արեգասարի հետ մենք դրվագ ունենք՝ երբ ադրբեջանցիները գրավում են, մենք տեղում կողմնորոշվելով՝ հակագրոհ ենք ձեռնարկում և հետ ենք վերցնում։ Մեր գեներալներից մեկը գնում, ասում է՝ իջեցրեք զորքն այդտեղից, քրեական գործ կա»,- նշել է Փաշինյանը։

Նա հանձնաժողովին հորդորել է ստուգել փաստերը, խուճապ տարածելու մասին բարձրաստիճան զինվորականի դրվագը, կարծես, կապված է 7-րդ պաշտպանական շրջանի դրվագի հետ։

«Էս ի՞նչ պատմություն է 7-րդ պաշտպանական շրջանի շուրջը, մինչև հիմա ես պատասխաններ չեմ ստացել»,- նշել է Փաշինյանը։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։