27 հունիսի 2023 - 18:18 AMT
Վարչապետ․ Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում, անդրադառնալով 2018-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, ասել է, որ վարչապետ դառնալուց հետո Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ հողերը տուր։

«Հետագայում հարց եղավ, թե ինչ է ինքն ինձ ասել, ասացի՝ ասել է հողերը տուր, իրենք հերքեցին։ Դա էլ այդտեղ փակեցին, հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա համար անհասկանալի է՝ եթե ՀՀ նախկին բոլոր նախագահները, որ հայտարարում են, թե լավ լուծումներ կային Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչո՞ւ չեն լուծել։

«Լուծեիք, ընկերնե՛ր, հիմա ի՞նչ եք եկել, բոլորին բացատրում, թե 1993-ին, 1994-ին, 2002-ին, 2007-ին, 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ։ Հիմա ես կարո՞ղ եմ իրենց բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, թե երբ խոսում են իր լեգիտիմության մասին, ուրեմն պետք է իրեն ասեին՝ լեգիտիմություն ունես՝ գնա, տուր։

«Լեգիտիմություն ունես՝ գնա, տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էս տուր, էն տուր, էն մեկը տուր, էս մեկը պահի։ Գրեիք, զանգեիք, նամակ գրեիք»,-ասել է նա։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։