Վարչապետի խոսնակ․ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել մեկ անգամ՝ իր իսկ աշխատավարձի ավելացման մասին

Վարչապետի խոսնակ․ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել մեկ անգամ՝ իր իսկ աշխատավարձի ավելացման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղական Տիրան Խաչատրյանի հայտարարություններին՝ դրանք որակելով որպես «քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վարչապետի աշխատակազմն անդրադարձել էր Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներին։

Վերստին հաստատելով մեր դիրքորոշումը՝ պետք է մատնանշենք միայն մեկ դեպք, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը և արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»,-ասվում է գրառման մեջ։

Իր վերջին հարցազրույցներից մեկում Տիրան Խաչատրյանը կրկին հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը մշտապես ընդառաջել է ԶՈւ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը: «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել։ Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռք բերելու համար գումար չէինք ուզելու նրանից»,-ասել է նա:

Խաչատրյանը հակադարձել է այս հայտարարությանը՝ նշելով, որ խոսքը եղել է զիվորականների աշխատավարձի մասին։

«Այդպիսի դեպք էլ է եղել. ցավում եմ, որ այդքանը հիշում են, մյուսները չեն հիշում: Այո, եղել է այդպիսի դեպք, բայց խնդիրը կապված չի եղել իմ աշխատավարձի բարձրացման հետ, եղել է զինվորականների աշխատավարձի հետ կապված»,-ասել է նա, տեղեկացնում է «Առավոտը»։

Մանրամասնելով տեղի ունեցածը՝ Տիրան Խաչատրյանն ասել է, որ քաղծառայողների աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան զինվորականներինը, ուստի, ինքը զինվորականների աշխատավարձը բարձրացնելու առաջարկ է արել:

«Իսկ ինչ վերաբերվում է նախարարի ամոթանքին, նախարարն ամոթանք չի տվել, ասել է՝ լավ, կկարգավորենք»,- ասել է նա՝ հաստատելով իր դիրքորոշումը, որ վարչապետի աշխատակազմում հերթական սուտ պնդումն են անում։

«Չգիտեմ՝ ինչո՞ւ են ինձ հետ կապված այդպես անում: Ամեն դեպքում, հավանաբար իրենց ստերի հակադարձումները ես եմ միայն իրականացնում, դրա համար ինձ հետ կապված են ներկայացնում: Իսկ այն, ինչը որ ես ներկայացրել եմ, ոչ թե անձամբ ես եմ արել կամ իմ կողմից է ներկայացվել վարչապետին, դա, պետք է հասկանան, որ ԶՈւ ԳՇ-ն մեկ մարմին է, այդ մարմնում ներկայացնող կոնկրետ անձ կա, մնացած գործողությունները կազմակերպելու համար պատասխանատուներ»,-ասել է նա։

 Ուշագրավ
---