«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է ժողովրդական շարժմանը միանալու մասին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է ժողովրդական շարժմանը միանալու մասին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է ժողովրդական շարժմանը միանալու մասին։

«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։

«Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։ «Ժառանգությունը» միանում է», - ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:

 Ուշագրավ
---