ԱՀ նախագահ․ Եթե 1 շաբաթում Արցախում վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների

ԱՀ նախագահ․ Եթե 1 շաբաթում Արցախում վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույցին միանալուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո դիմելու են ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս:

Նա նշել է, որ Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, որի հստակ ապացույցներից են 2020թ. պատերազմով և ընթացիկ շրջափակմամբ դրսևորված մարդկության դեմ հանցագործությունները:

«Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլև՝ մի ամբողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար»,-ասել է նա։

«Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Այս օրերի ընթացքում ես հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները և միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել և իրականացնել դրանք»,-ասել է ԱՀ նախագահը։

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---