ԱԳ նախարարը՝ DerStandard-ին․ Նախ անհապաղ մարդասիրական միջամտություն է պետք՝ 120,000 մարդու սովից փրկելու![]() 21 հուլիսի 2023 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ավստրիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար DerStandard օրաթերթին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակին՝ Միրզոյանն ասել է, որ նախևառաջ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120,000 մարդու սովից փրկելու համար: Խոսելով բանակցություններում իր համար ամենակարևոր կետի մասին՝ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ «Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է»,-ասել է նա։ Նախարարն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմից՝ նշելով, որ Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ «Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,-ասել է նա։ Այն հարցին, թե ելք տեսնում է, Միրզոյանը պատասխանել է․ «Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է»։ Նա նշել է նաև, որ գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական և հումանիտար: «Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120,000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ ․․․Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։»,-ասել է նա։ Պատասխանելով ՌԴ հետ հարաբերություններում փոփոխությունների մասին հարցին՝ ԱԳ նախարարն ասել է․»Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»: Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |