22 օգոստոսի 2023 - 14:38 AMT
Բելգիայի ԱԳ նախարար. Լաչինի միջանցքի փակ մնալը սովամահության սպառնալիք է առաջացնում

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։

«Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Այս առավոտ ևս հաստատվեց դա իմ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»,– նշել է Բելգիայի ԱԳ նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Նա հավելել է, որ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում պնդել դա։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։