Արցախից 47,115 բռնի տեղահանված է հատել ՀՀ սահմանը

Արցախից 47,115 բռնի տեղահանված է հատել ՀՀ սահմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27–ի 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 47,115 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22,800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Այդ մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հավելել է, որ եկածներից 4002–ն է օգտվել պետության տրամադրած կացարաններից։

Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում, հայտնում է Aysor.am-ը։

«Մոտ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---