Ֆրանսիայի ԶՈւ նախարարությունում ՀՀ հետ գործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Ֆրանսիայի ԶՈւ նախարարությունում ՀՀ հետ գործակցության փաստաթուղթ է ստորագրվել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով:

Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար: Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարեց, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---