26 հոկտեմբերի 2023 - 12:49 AMT
Եղիշե Կիրակոսյան․ Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։

«Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները:

Այդ առնչությամբ, ըստ Եղիշե Կիրակոսյանի` հայկական կողմն ունի «համար 2 միջպետական գանգատը», որը վերաբերում է հենց դատավարության ընթացքում մեր հայրենակիցների նկատմամբ հիմնական արդարադատությանը վերաբերող իրավունքների կոպտագույն խախտումներին կամ, այսպես կոչված, արդարադատության մերժման կոնցեպտին։

«Ցավոք, ՄԻԵԴ մեխանիզմները մեզ շատ ավելին չեն տալիս, որ ավելի ներգրավվենք չնայած արել ենք փորձ ներկայացնելու ազատ արձակման խնդրանք, սակայն այս ուղղությամբ պետք է հնարավորինս շարունակենք աշխատանքները, նաև մտածենք այլ հնարավոր միջոցների մասին կամ այլ հնարավոր քայլերի մասին` մեր հայրենակիցների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար»,– ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշել է նաև, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը Կիրակոսյանը դժվարացավ ասել։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները ֆարսի ժանրից են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր միջազգային նորմերի խախտում:

Նա նաև տեղեկացրել է, որ շինծու մեղադրանքով Ադրբեջանում կալանավորված արցախցի Վագիֆ Խաչատրյանի խոսքերը դատարանում սխալ են թարգմանում։