27 հոկտեմբերի 2023 - 13:42 AMT
Միյատովիչ. ԼՂ հայերը հայտնվեցին լքված վիճակում, առանց որևէ հուսալի անվտանգության՝ հեռանալը միակ հասանելի տարբերակն էր

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ամփոփել է այցերը Հայաստան և Ադրբեջան։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը «հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր», հայտնում է «Ազատությունը»։

«Հանձնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը:

Հանձնակատարն այցելել է Վարանդա (Ֆիզուլի), Շուշի, Ստեփանակերտ, Խոջալու և Աղդամ։

«Նա ցնցված էր՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրել են, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել», - նշված է հաղորդագրությունում:

ՄԻյատովիչը նշել է, որ 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումը հաջորդել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին։

Նա կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։

Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը «տեսել է ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք ակներևաբար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել»:

«Ադրբեջան այցի ընթացքում հանձնակատարը հանդիպել է տեղահանվածների, ականներից տուժածների, նախկինում մարդու իրավունքների խախտումների ականատեսների և վերապրածների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքների անդամների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Երկու երկրներում Միյատովիչն ընդգծել է «բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը և զոհերին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը»:

Միյատովիչը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, «որտեղ զրուցել է ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։