Վարչապետն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարը ԼՂ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն են քննարկել

Վարչապետն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարը ԼՂ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Վարչապետը ողջունել է տիկին Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցն ունի հագեցած օրակարգ և համոզմունք հայտնել, որ դրա շրջանակում կնախանշվեն տարբեր նախագծեր ու դրանք հաջողությամբ կյանքի կկոչվեն:

Ռիմա Աբդուլ Մալակը հավելել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են մշակույթի մի խումբ գործիչներ, այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը մշակույթի տարբեր ճյուղերում, մասնավորապես, մշակութային ժառանգության պահպանման, երաժշտության, կինոյի և այլն: Նախարարի խոսքով հայ գործընկերների հետ քննարկվում են կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնական հայց է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելելու Լեռնային Ղարաբաղի տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացվեն։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակիի Երևանում արված հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է թե ֆրանսիական կողմի հայտարարությունները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասին նրա «ոչ անաչառ լինելու վկայություն են»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---