30 հոկտեմբերի 2023 - 12:43 AMT
Վարչապետը հուսով է՝ Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունները կիրագործվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունները կիրականացվեն։

Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Թուրքիայում 2023–ի փետրվարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ–ն փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։