1 նոյեմբերի 2023 - 13:30 AMT
Դեսպան․ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամսում, այնպես էլ դրանից հետո

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շարունակաբար աջակցելու և սատարելու համար:

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամսում, այնպես էլ դրանից հետո: Նա վերահաստատել է բարեկամ երկրի տեսակետը և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ուժի կիրառման հետևանքով է տեղահանվել:

«ԼՂ բնակչության բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 9-ամսյա պաշարումից հետո: Կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանն այս քայլին գնաց Ռուսաստանի Դաշնության մեղսակցությամբ և Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Ստեփանյանը։ Հայ խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

«Մեր երկու երկրներն ունեն երկարամյա բազմաբևեռ ամուր և առանձնահատուկ հարաբերություններ: Դրա վառ ապացույցն է օրեր առաջ հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին մտադրությունների նամակի ստորագրումը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, և տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետևանք է:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու խնդրել այն իրականացնելու հարցում միջազգային գործընկերների աջակցությունը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանն էլ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 19-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ապահովել ԼՂ հայության վերադարձն ու անվտանգությունը: Նա կոչ է արել, որ միջազգային գործընկերները հասցեական կոչեր հնչեցնեն:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ԼՂ-ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը և ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։