Պապոյան․ Խաղաղության պայմանագրից հետո հիմնական բեռնափոխադրումներն Ադրբեջանով են լինելու

Պապոյան․ Խաղաղության պայմանագրից հետո հիմնական բեռնափոխադրումներն Ադրբեջանով են լինելու

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելուն, ասել է, որ այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ, սակայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ մաքսային ծառայությունը նոյեմբերի 3–ին հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։

Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու են։

«Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը կարճ է, ռիսկերով ավելի քիչ և այլն»,–հավելել է Պապոյանը։

Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել էր, թե քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ Նա նշել էր, որ Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու փորձ եղել է խորհրդային տարիներին։

«Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան։ Մենք նաև կարող ենք տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարման համար։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք այդ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,– ասել էր Վարդանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---