Փաշինյան․ Եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է ՀՀ-ն անվանել «Արևմտյան Ադրբեջան»

Փաշինյան․ Եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է ՀՀ-ն անվանել «Արևմտյան Ադրբեջան»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» շրջանակում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է, որ եկել է խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։

Նա նշել է, որ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը ՀՀ դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

«Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։

Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա.

Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։

Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Ի գիտություն ձեզ, Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։

Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:

Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իր կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։

«Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։

Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,–ասել է նա։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---