Քոչարյան․ ՀՀ–ն այլևս երբեք օգտագործված սպառազինություն չի գնելու

Քոչարյան․ ՀՀ–ն այլևս երբեք օգտագործված սպառազինություն չի գնելու

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն այլևս երբեք օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու, ամբողջը նոր է լինելու:

«Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսել ենք նաև սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի են լինելու: Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ, հետևյալն է՝ դրանք բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նոր»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Փակ նիստի ժամանակ, ըստ նրա, խոսվել է նաև ամրաշինական աշխատանքների մասին, որոնք շատ տպավորիչ են եղել:

«Վերջին 26 տարվա մեջ այն ծավալի ամրաշինական աշխատանքները, որ տարբեր հատվածներում արվել են, եղել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք ժամանակին, 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,– հայտարարել է Քոչարյանը:

Ըստ նրա` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։

Նրան հակադարձել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հետաքրքրվել է` արդյոք 2024 թ. պետական բյուջեով անվտանգությունն այն աստիճանի կհասցվի, որ սահմանամերձ հատվածում կամ մարզում օտարերկրյա ձեռնարկության վրա կրակող հակառակորդ չենք ունենա։

Ըստ նրա` կառավարության ներդրած միջոցները միտված են նրան, որ մեր երկրի անվտանգության համակարգը լինի այնպիսին, որ հակառակորդի ցանկությունները չլինեն այնպիսին, ինչպիսին 44–օրյա պատերազմի ընթացքում էր, երբ նրանք ձեռք բերեցին դիրքային առավելություն։

 Ուշագրավ
---