Ղուլյան. Արցախում անկախ պետություն հռչակելով՝ փորձել ենք ՀՀ-ին զերծ պահել միջազգային պատժամիջոցներից

Ղուլյան.  Արցախում անկախ պետություն հռչակելով՝ փորձել ենք ՀՀ-ին  զերծ պահել  միջազգային պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասել է, որ Արցախում Հայաստանի համար երբեք վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծել։

Նա հավելել է, որ Արցախում անկախ պետություն հռչակելով՝ փորձել են Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել միջազգային պատժամիջոցներից և բոլոր վտանգներից, գրում է «Առավոտը»։

«Դեկտեմբերի 10-ին մենք գուցե առաջինը Խորհրդային Միության տարածքում որոշեցինք, որ անկախ լինելու մեր իրավունքը միայն համաժողովրդական հանրաքվեով կարող ենք աշխարհին ներկայացնել: Դա շատ կարևոր նախադեպ է, որ նույնիսկ մնացած միութենական հանրապետությունների մոտ չկար այդպիսի կամք, համարձակություն, բայց մենք գնացինք այդ քայլին: Եվ Անկախության հանրաքվեն իրականացնելով՝ ցույց տվեցինք, որ սա ամբողջ Արցախի՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքն է, երազանքն է: Գուցե սա պատասխանն է այն հարցին՝ սա սպառնալի՞ք է, թե վտանգ է:

Մենք այդ ժամանակ անկախ պետություն հռչակելով՝ փորձում էինք Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել միջազգային պատժամիջոցներից և բոլոր վտանգներից: Հիմա ովքեր խոսում են՝ վտա՞նգ է սա, թե սպառնալիք է, թող հիշեն, որ Արցախում Հայաստանի համար երբեք վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծել: Եվ դա եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ որ Արցախը պետականություն չի ունեցել, նոր էինք դրա մասին մտածում: Եվ հիմա էլ նույն ձևով շարունակվում է: Այս զսպվածությունը, քաղաքական կոռեկտությունը, որ ինչ-որ մի տեղ ճիշտ չի հասկացվում, երևի նույնպես արդյունք է այն բանի, որ շատ ավելի խորն ենք հասկանում, թե ինչ հետևանքներ կարող են լինել, բայց լուռ լինելը դեռ չի նշանակում, թե ապահովագրված ենք բոլոր հնարավոր զարգացումներից: Մենք պետք է շարունակենք խոսել այն նույն խնդիրներից, որ այսօր մեզ համար շատ կարևոր են»,–ասել է նա:

Ղուլյանն ասել է, որ եթե ինքնությունը չի պահվում, Արցախի պետական հաստատությունները իմաստ չունի պահել։

«Եթե Արցախի պետական հաստատությունները որոշել ենք պահել, դա պետք է պահվի ինքնությունը շատ ճիշտ ձևով ներկայացնելով, այդ ինքնությանը ամեն կերպ աջակցելու ճանապարհով: Բազմաթիվ բաղադրիչներ ու գործոններ կան, որոնք նպաստում են ինքնության պահպանմանը, սակայն գլխավորը միասնական տարածքն է և տեղական ավանդույթները պահպանելու պայմանները:

Միասնական տարածքի տեսանկյունից մենք հիմա շատ անբարենպաստ միջավայրում ենք գտնվում, որովհետև Արցախի 100 հազարից ավելի բնակչությունն այսօր ցրված է ամբողջ Հայաստանով մեկ՝ Մեղրիից մինչև ամենահյուսիսային կետը: Շատ դժվար է պատկերացնել, որ նույնիսկ տեխնոլոգիապես զարգացած այս իրավիճակում առանց մեծ ջանքերի և լուրջ ռեսուրսների կարող ենք պահել ինքնության բոլոր բաղադրիչները: Ես հատուկ չեմ շեշտում քաղաքական բաղադրիչը, որովհետև դա շատ ավելի ընդգրկուն թեմա է, բայց ելակետը հենց դա է: Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հանրությունը, երիտասարդ սերունդը մոռացության չտա հայրենիք վերադառնալու, Արցախ վերադարձնելու թեման, իսկ դա ոչ մեկ ոչ անձնապես, ոչ խմբակային չի կարող որոշել Արցախի ժողովրդի փոխարեն, հետևաբար այն, ինչ Արցախի հայությունը կորցրել է՝ նյութական բարոյական կորուստների իմաստով՝թեկուզ և ժամանակավորապես լքելով իր հայրենիքը, այս ամենը, իհարկե, ծանր հոգեբանական հարված է, բայց եթե դրան գումարվի հոգեկանը, ինքնության կորստի այս լուրջ սպառնալիքը, շատ կործանարար կարող է լինել հայության այս հատվածի համար»,–ասել է նա:

Համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որը ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այլև Արցախի Անկախության Հանրաքվեի եւ Արցախի Սահմանադրության ընդունման օրը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---