11 դեկտեմբերի 2023 - 15:14 AMT
ՀՀ և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով գործակցության համաձայնագիրը վավերացվել է

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Նախագիծը քվեարկությամբ ստացել է 95 կողմ ձայն, հայտնում է Արմենպրեսը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում:

Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել էր, որ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա: Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ՝ օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով: