11 դեկտեմբերի 2023 - 16:16 AMT
Պապոյան․ Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ռևանշիզմը բացառող երաշխիքներ են պետք։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանը անտրամաբանական է համարել այդ հայտարարությունները, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու։ Եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր։

Պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ամրապնդվի, տևական և երկար ժամանակ այստեղ պետություն ու պետականություն լինի, անկախություն լինի, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով, և խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այնքան անհրաժեշտ է մեզ»,- ընդգծել է Պապոյանը։

Պատգամավորը խաղաղության պայմանագրի կնքումից հետո պատկերացնում է Հարավային Կովկասում բոլոր մակարդակներում ինտեգրացիա, տնտեսական հարաբերությունների զարգացում, բարգավաճում, կենսամակարդակի էական ավելացում։

«Մեր պատկերացրած խաղաղությունը նման բան (ռևանշիզմ-խմբ․) չունի»,- ասել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա Հայաստանի չլինելու ուղիղ ճանապարհ է։

«Եվ կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ Հայաստան լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Եվ մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում», -եզրափակել է Պապոյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքվին երաշխիքներ են պետք, որ «Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»։ Նա ասել է, թե Ադրբեջանին դա պետք է, քանի որ «գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, իրազեկ են որոշ եվրոպական մայրաքաղաքներում խորհրդատուների մասին»։

«Ադրբեջանին երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիզմի ոչ մի փորձ չի լինի»,–ասել է նա։