Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։

Նա խոսել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, անդրադարձել դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար:

ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները, անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականությանը և Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժին:

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
---