Օվերչուկն ու Փաշինյանը Հրվ. Կովկասում ապաշրջափակման հարցեր են քննարկել

Օվերչուկն ու Փաշինյանը Հրվ. Կովկասում ապաշրջափակման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 14–ի հայտարարությամբ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, այդ թվում նշելով, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «հենց Երևանն էր ամեն անգամ «սառեցնում» կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը փոխվարչապետերի համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի կողմից»։

«Մասնավորապես, արդեն ամիսներ շարունակ հայկական կողմն արգելափակում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
---