6 ամիս սիգի ձկնկիթ չի արտահանվի

6 ամիս սիգի ձկնկիթ չի արտահանվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում 6 ամսով արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024–ի հունվարի 2–ին։

Դրա հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։

Նշվել է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ 2019–ին այդ ցուցանիշը եղել է 2668 տոննա, 2020–ին՝ 2345 տոննա, 2021–ին՝ 5348 տոննա, 2022–ին՝ 4700 տոննա։ Դա թույլ է տալիս Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որս իրականացնել:

Նշվել է նաև, որ սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռ չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։

Դեկտեմբերի 19–ին Սևանա լճում, Նորատուսի մոտ, միջադեպ է գրանցվել ձկնորսների և ջրային պարեկների միջև։ 26 ձերբակալված կա։

Ըստ ՔԿ–ի՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ, որտեղ գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---