Կոպիրկին․ Ռազմական որոշ պայմանագրերի մասով իրոք խնդիրներ կան, նոր պայմանագրերի կնքումը քննարկվում է

Կոպիրկին․ Ռազմական որոշ պայմանագրերի մասով իրոք խնդիրներ կան, նոր պայմանագրերի կնքումը քննարկվում է

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն իրագործվել են ժամանակին և որակով, սակայն որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Որոշ առանձին պայմանագրերի մասով իրոք որոշ խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի պարտավորությունների կատարման հետ, սակայն, դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների երկխոսության միջոցով»,–ասել է նա։

Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին ՌԴ և ՀՀ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա:

«Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարված են՝ ժամանակին և բարձր որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում», - նշել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ Մոսկվան և Երևանը նաև քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրերի կնքումը։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ ՌԴ–ն Հայաստանին չի մատակարարել վճարված գումարի դիմաց սպառազինությունը։ Երևանը հույս է հայտնել, որ այդ հարցը ռուսական կողմի հետ կլուծվի գործընկերային մթնոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, ասել էր, որ վճարված գումարը կարելի է հանել ՌԴ–ին ՀՀ պարտքի գումարից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---