Չալաբյան․ «Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը

Չալաբյան․ «Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը

PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասուլիսում ասել է, որ ««Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝ «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ հակասահմանադրական բնույթը։

Նա հավելել է, որ եկել են այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկել այս օրենքի սահմանադրականությունը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. նախատեսում է կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների ստորագրություն հանրաքվե հրավիրելու պահանջով ԿԸՀ դիմելու համար։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն վավերացնելով այդ ստորագրությունների ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրավքե։

«Հանրավքեի» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտին, Չալաբյանի խոսքով, իրենց տեսանկյունից, բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է ստեղծել այդ իրավունքի իրացման համար. պարտադրում է ստորագրահավաքը տեղի ունենա ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։

«Առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ սահմանափակումները տաս անգամ սահմանափակում է մեր հնարավորությունը գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու համար։ Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք՝ կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում, կամ եթե դա տեղի չունենա, դրա հավանականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ փաստարկի ունկնդիր չի լինում, դիմել Սահմանադրական դատարան՝ փոխելու օրենքը։

Այսինքն, երկրորդ փուլի գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասել է Չալաբյանը։

«Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Առաջին փուլով Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի ստորագրել է՝ պահանջելով քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ Սակայն դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, բացասական եզրակացություն է հայտնել «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։ Դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

 Ուշագրավ
---