Վարչապետ. ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ

Վարչապետ. ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ:

Փաշինյանը նաև ասել է, որև ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտություն կա։

«Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։ Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։

Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ»,–ասել է վարչապետը։

2024–ի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։

«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։

Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---