Նախարար․ Պատրաստ ենք աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին՝ ստանալու բարձրագույն կրթություն

Նախարար․ Պատրաստ ենք աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին՝ ստանալու բարձրագույն կրթություն

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ցույցի մասնակից ուսուցիչներին։ Նրանք միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան:

Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար:

«Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին:

ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիայի էին դուրս եկել ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նույնպես նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ատեստավորում անցնելու ևս մեկ հնարավորություն տան։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---