Կոստանյան․ Թենիսի կորտերի հարցը քննարկվում է՝ քանդելու նպատակ չկա, բայց գուցե տեղափոխվեն համահունչ այլ միջավայր

Կոստանյան․ Թենիսի կորտերի հարցը քննարկվում է՝ քանդելու նպատակ չկա, բայց գուցե տեղափոխվեն համահունչ այլ միջավայր

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին, գրել է, որ ԵՊՀ–ի դիմացի թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է՝ այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը։

Նա նշել է, որ Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելն է։

«1990-ական թվականներին այգում շատ ծառեր հատվել են: 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։ Ներկայումս Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերը արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը:

Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման:

Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է.

Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց՝ նպատակակետերի հասանելիության ամենակարճ հեռավորությամբ ու դրանց երկայնքով կարճատև հանգստի հարթակներով, ջրային մակերեսներ (շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, ինչպես նաև հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր):

Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվի համապատասխան միջավայր):

Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը:

Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները: Ավելին, բարեկարգվելու և տեսքի են բերվելու դրանց հարակից տարածքները»,–ասվում է գրառման մեջ։

Կոստանյանը նշել է, որ այս պահին թեմայի վերաբերյալ սա ամբողջական իրազեկումն է, հետագայում՝ Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական հարթակներով հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԵՊՀ–ի դիմացի թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությանը, նշել է, որ դա նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է։ Նա գրել է, որ «անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 8–ին ասել է, որ համալսարանի դիմացի թենիսի կորտերում ինքն էլ պարապել, բայց դրանք պետք է հանվեն, քանի որ դա հակասում է օղակաձև զբոսայգու տրամաբանությանը։ Երևանի «Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով: Նախատեսվում է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---