Նախագիծ․ Եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը կնվազի

Նախագիծ․ Եկամտահարկի վերադարձի առավելագույն չափը կնվազի

PanARMENIAN.Net - Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարման շրջանակում վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափը կփոխվի:

Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով, հայտնում է Aysor.am-ը:

2023 թվականն ամփոփվել է մոտ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է մոտ 80 մլրդ դրամ:

Ըստ նախագծի, հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի:

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով համակարգի կիրառությունը կդադարեցվի Երևանում: Վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն էր, այսինքն՝ դրանից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:

«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար: Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար»,-ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվող կարգավորմանը հետադարձ ուժ չի տրվելու:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել և կքննարկվի լիագումար նիստում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---