Խանութներին չեն պարտադրի տեսախցիկներ տեղադրել. Նախագիծը կփոխվի

Խանութներին չեն պարտադրի տեսախցիկներ տեղադրել. Նախագիծը կփոխվի

PanARMENIAN.Net - Առևտրի սրահներում տեսախցիկներ տեղադրելու պահանջը մինչև երկրորդ ընթերցում կհանվի ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

«Քանի որ դա լրացուցիչ դժվարություն ու անորոշություն է ենթադրում տնտեսվարողների համար, պայմանավորվել ենք, որ այդ մասը առաջինից երկրորդ ընթերցում պետք է փաթեթից հանվի»,– ասել է Թունյանը` հավելելով, որ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված փաթեթից նշված կարգավորումը չէր հանվել միայն ժամանակի սղության պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԺ–ն հունվարի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մի շարք կարգավորումների շարքում ՊԵԿ–ը առաջարկել էր նաև 24 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող վաճառակետերում ստուգումների ընթացքում առաջացած խնդիրներն ապացուցելու համար տեսաձայնագրող սաչքեր տեղադրել։ Տնտեսվարողի համար հավելյալ ֆինանսական ծախս ենթադրող այս պահանջը քննարկվել էր ինչպես գլխադասային հանձնաժողովի նիստում, այնպես էլ ԱԺ հունվարի 15-ի նիստում։ Իր ելույթում Բաբկեն Թունյանն ասել էր, որ խանութների մասով պահանջն առաջիկայում կհանվի նախագծից։

ՊԵԿ–ի ներկայացված օրենսդրական փաթեթի, այդ թվում` վերոհիշյալ դրույթի նպատակը, ըստ հեղինակների, հարկային մարմնի գործիքակազմը ուժեղացնելն է և ՀԴՄ–ներ չտրամադրելու վարույթների ընթացքում հարկային մարմնին լրացուցիչ ապացույցով ապահովելը։

Նախագիծը այս առումով երկու կարգավորում է առաջարկում` մի դրույթով տեսուչներին է իրավունք վերապահվում տեսանկարահանումներ կատարելու, մյուսով նախատեսվում է վաճառակետերում տեսանկարահանող սարքեր տեղադրել, որոնք պետք է արձանագրեն վաճառքի և ՀԴՄ–ի տրամադրման գործընթացը։

Առաջին ընթերցմամբ երկու կարգավորումներն էլ ընդունվել են։ Երկրորոդ ընթերցման համար, փաստորեն, բանավոր պայմանավորվածություն կա տնտեսվարողներին վերաբերող պահանջը նախագծից հանելու։

Փոխարենը նախագծում կմնա հարկային տեսուչներին վերաբերող կարգավորումը։

«Այսինքն տեսուչը խցիկը միացնելու է, ասի, որ այսինչ օրն է, այսինչ ժամը, ես մտնում եմ խանութ հսկիչ գնում կատարելու, որից հետո դուրս կգա և կասի հսկիչ գնումը կատարել եմ, կտրոնը տրամադրել են կամ չեն տրամադրել, որպեսզի ֆիքսվի հա՛մ իր գտնվելու վայրը, հա՛մ ժամը, հա՛մ մնացած գործողությունները»,– պարզաբանել է պատգամավորը։

Խոստացված փոփոխություններով նախագիծը ՊԵԿ–ը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պետք է ներկայացնի օրենքով նախատեսված 1 ամսվա ընթացքում պատգամավորներից համապատասխան առաջարկները ստանալուց հետո։

Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ՊԵԿ–ը կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունն ու նախագծից կհանի վիճահարույց դրույթը, hակառակ դեպքում ԱԺ պատգամավորները հակված չեն ընդունելու այդ կարգավորումը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---