ԱՄՀ կառավարիչ-տնօրենը ՀՀ նախագահի հետ զրույցում խոսել է Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշների մասին

ԱՄՀ կառավարիչ-տնօրենը ՀՀ նախագահի հետ զրույցում խոսել է Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշների մասին

PanARMENIAN.Net - Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ։

ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Նրանք խոսել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:

ՀՀ նախագահն աշխատանքային այցով Շվեյցարիայում է հունվարի 15-18-ը։

 Ուշագրավ
---