Փաշինյան․ ՀՀ–ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում

Փաշինյան․ ՀՀ–ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26–ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում։

2022-ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստում համագործակցության հուշագիր են ստորագրել Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրի վերաբերյալ: Այն շահագործման կհանձնվի 2029-ին։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը:

«Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։

Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև»,–ասել է Փաշինյանը։

Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին միանալու ՀՀ պատրաստակամության մասին դեռևս 2023–ի նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի թեման շրջանառվում է վերջին մի քանի տարին, բայց Երևանը նախագծով իր հետաքրքրվածության մասին պաշտոնապես հայտարարել է միայն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---