7 փետրվարի 2024 - 14:59 AMT
Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։