9 փետրվարի 2024 - 18:46 AMT
Արմեն Գևորգյան. ՀՀ-ն պետք է ընտրի երկու եռանկյունու միջև

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ասել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու եռանկյունու միջև։ Նա այդ մասին ասել է «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով քննարկմանը։

«Մեր տարածաշրջանում ձևավորվում են զարգացումների կամ կարճաժամկետ հեռանկարների տեսանկյունից անվտանգության եռանկյունիներ։ Հայաստանի դեպքում ես տեսնում եմ որպես եռանկյունի՝ ՌԴ-Չինաստան-Իրան և ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ-Թուրքիա»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, ուզենք, թե՝ ոչ, պետք է հասկանանք, թե որտեղ ենք տեսնում մեր ապագան։

«Սա այնքան բարդ է, ու այս պարագայում կարևորը պետք է լինի անվտանգությունը։ Մենք որոշիչ գործոն չենք այլևս։ Մենք պետք է հասկանանք, այս դերակատարումը մեզ բավարարելո՞ւ է, թե պետք է գտնենք ինչ-որ ձև գործոն դառնալու համար»,-ասել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, թե ինչքան էլ քննդատենք Ռուսաստանին, կան օբյեկտիվ պատճառներ, որոնցից չենք կարողանալու առաջիկա տարիներին ձերբազատվել, և դրա անհրաժեշտությունն էլ չկա։

«Նույնը Իրանի մասով։ Այս երկու երկրներին շեշտում եմ, քանի որ նրանք այստեղ են, չեն գնացել, չեն էլ գնալու։ Այս ամենը չհասկանալ, չգիտակցել շատ տարօրինակ է, քանի որ հույսը դնել ժողովրդավարական երկրների վրա, որ կգան, մեզ կօգնեն, կպաշտպանեն, առնվազն իրատեսական չէ»,-ասել է նա։

Գևորգյանը որպես հաջորդ գործոն նշել է տնտեսությունը, նկատել՝ հայաստանյան շուկան մեծ մասամբ ուղղված է դեպի ԵԱՏՄ շուկա։

«Ռուսական վեկտորներն էլ չեն հանդուրժելու, արդեն իսկ չեն հանդուրժում այն իրավիճակը, երբ մեր հաշվին փող եք աշխատում, բայց ուրիշների շահերն եք պաշտպանում»,-ասել է նա։