22 փետրվարի 2024 - 14:45 AMT
Le Figaro․ Ֆրանսիան փետրվարի 22-ին ՀՀ կառաքի պաշտպանական սպառազինություն

Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, հայտնում է Le Figaro-ն։

Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ, հայտնում է Արմենպրեսը։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով այցելելու է Հայաստան։

AFP գործակալությունը իր հերթին հայտնել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի փետրվարի 22-ին՝ երկօրյա այցով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։