Աբրահամյան. Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց»՝ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

Աբրահամյան. Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց»՝ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին ՀՀ հետ հարաբերությունների մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա:

«Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի մնում է՞, թե՞ հեռանում:

Իհարկե այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա:

Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական:

Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտա՞ժ է, թե Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ:

ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:

Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»,–ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

Լավրովը նաև ասել է, որ ՀՀ կողմից Ռուսաստանի հետ մերձեցումն ի սկզբանե սխալ համարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայմանը։ Նա նաև ասել է, որ Երևանը «գիտակցված որոշում է» կայացրել՝ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---